Рубрика: Մասնագիտական Նյութեր

Կենսաբանության ուսուցում

Կենսաբանությունն ուսումնասիրում է Երկրի ողջ կյանքի բազմազանությունը`բույսերի, կենդանիների, սնկերի, մանրէների, մարդու, բջջի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները: «Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակն է՝

  • ծանոթացնել կենդանիների բազմազանությանը, կենսագործունեության առանձնահատկություններին,
  • ձևավորել և զարգացնել գիտելիքներ կենդանի — բնություն կապի, փոխներգործության մասին,
  • ուսուցանել գիտելիքներ մարդու օրգան–համակարգային կառուցվածքի և ֆունկցիաների, ինչպես նաև սպառնացող հիվանդությունների մասին,
  • ընդլայնել գիտելիքներն առողջ ապրելակերպի կանոնների, վնասակար սովորություններից զերծ մնալու (ծխել, ալկոհոլ, թմրանյութեր), վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ,
  • ուսուցանել և զարգացնել կարողություններ և հմտություններ ընդհանուր կենսաբանության մասին` կյանքի ծագման, կենդանի օրգանիզմների բջջային կառուցվածքի, ժառանգականության օրինաչափության, նյութերի և էներգիայի փոխանակության մասին,
  • սովորողի մեջ սերմանել խելամիտ և հարգալից վերաբերմունք բնական միջավայրի նկատմամբ, նպաստել էկոլոգիական դաստիարակության և էկոլոգիական խնդիրների լուծմանը,
  • կապ հաստատել բնագիտական այլ առարկանների հետ` իրականացնելով միջառարկայական փորձեր
  • իրականացնել օտար լեզուների կիրառումը`բնագիտական նյութերի թարգմանության ընթացքում
  • ստեղծել ուսումնական նյութեր:

Կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և մատուցված նյութը սովորողի սեփականությունը դարձնելու նպատակով կիրառվում են բազմաթիվ լաբորատոր — գործնական աշխատանքներ՝ շրջապատող միջավայրում գտնվող կենդանի օրգանիզմների զննում,դիտարկում, մանրադիտակային հետազոտում, ուսումնական ճամփորդությունների կազմակերպում:

Ժամանակակից աշխարհում, երբ կյանքն ընթանում է աննկարագրելի արագությամբ, ամեն օր զարգանում է տեխնիկան և ներդրվում կյանքի բոլոր բնագավառներում, անկասկած, պետք է փոխվեն նաև դասավանդման մեթոդիկայի հետ կապված մոտեցումները, որպեսզի ուսուցիչը կարողանա ապահովել ուսուցման գերակա նպատակի իրականացումը :

Ներկայացնենք որոշ նախագծային թեմաներ, որոնք կենսաբանության ուսուցումը  կդարցնեն էլ ավելի արդյունավետ,   հետաքրքիր, ինչու ոչ, ժամանցային,  սովորողները ձանձրանալու կամ պարապության մատնվելու առիթ չեն ունենա:

Նախագծային թեմա  1

Բույսի ծլման փուլերը ներկայացնել լուսանկարների կամ տեսաժապավենի միջոցով

Սերմը ծիլ տալու պահից մինչև առաջին տերևները բողբոջելու պահը որակյալ լուսանկարելու համար սովորողը պետք է մոտ տասն օր շարունակ ուսումնասիրի բույսի (օրինակ` լոբու) ծլման ընթացքը: Սերմը պետք է դրվի հողի մակերեսին, կամ ծածկվի հողի շատ բարակ շերտով: Օրվա ընթացքում բավական է այն մեկ անգամ լուսանկարել: Եթե լուսանկարման կարգավորումները (լուսանկարելու անկյունը) և լուսավորման պայմաններն ամեն օր լինեն նույնը, այս լուսանկարներով համապատասխան ծրագրի միջոցով կարելի է ստեղծել գեղեցիկ «շարժապատկեր»: Տարբեր տեսակի բույսերի մասին «ֆիլմեր» ունենալու դեպքում, հնարավոր կլինի վերլուծել ծլելու փուլերի տարբերությունները:

Նախագծային թեմա  2

Ֆիզիկական վարժությունից հետո զարկերակը չափելը և դիագրամներ պատրաստելը

Օրինակ, երբ դասի սկզբում, ընթացքում և ավարտին աշակերտները չափում են իր ենց զարկերակները մի քանի կքանիստ կատարելուց հետո, ստացված տվյալները կարող են վերլուծվել մի քանի տարբեր եղանակներով: Օրինակ` դրանք կարող են դասակարգվել և միջինացվել ըստ աշակերտների ֆիզիկական պատրաստվածության աստիճանի: Զարկերակի հաճախականության և կատարված ֆիզիկական վարժությունների ծավալի միջև հարաբերակցությունը հնարավոր է ներկաացնել գծապատկերի տեսքով՝ համապատասխան համակարգչային ծրագրաշարի միջոցով:

Նախագծային թեմա  3

   Նկարներ օգտագործելով՝բույսի մորֆոլոգիայի վերաբերյալ,թեստ կազմելը

Եթե սովորողները  նկարել են բույսերի որոշ մասերի, հատկապես` տերևների և ծաղկի մեծ քանակությամբ լուսանկարներ (արմատի, ցողունի և սերմերի լուսանկարները նույնպես կարող են օգտագործվել այդ նպատակով), այդ լուսանկարներն անհրաժեշտ է տպել կամ ներկայացնել և դրանց կից հարցեր կազմել. Աշակերտները բույսերի կառուցվածքի շուրջ իրենց գիտելիքները կարող են համեմատել իրենց դասընկերների գիտելիքների հետ:  Բույսերի որոշ մասեր պետք է հստակ ցուցադրված լինեն նկարներում:

Նախագծային թեմա  4

Ծխելը  մահացու  է

Սովորողները  կարող են ընթերցել և տեղեկություններ հավաքել ծխելու մահացու վտանգի մասին հոդվածներ  տարբեր կայքերում:Նրանք քննարկում են հոդվածները և կայքերում ու իրենց շրջապատում փորձում են ուսումնասիրություններ կատարել` պարզելու համար, թե ինչ վնասակար և այլ բացասական հետևանքներ կարող է ունենալ ծխելը մարդու օրգանիզմի կամ առհասարակ հասարակության վրա: Ստացված տվյալների վերաբերյալ նրանք, ուսուցչի օգնությամբ, պատրաստում են PowerPoint ներկայացում: Սա հիանալի ուսուցողական նյութ կարող է հանդիսանալ:

Նմանատիպ օրինակներ կարելի է անվերջ բերել: Առաջնորդվելով դասի պլանով, ելնելով սովորողների ընդհանուր պատրաստվածության մակարդակից, ցանկություններից, դպրոցի տեխնիկապես ապահովվածության մակարդակից, կարելի է կազմակերպել նմանատիպ հետաքրքիր դասեր: Ուսուցիչը անընդհատ պետք է հնարի նոր միջոցներ, նոր մոտեցումներ, որպեսի նույն դասարանում տարբեր թեմաներ մատուվցի միանգամայն նոր մոտեցմամբ, ինչպես նաև՝ միևնույն թեման տարբեր դասարաններում մատուցի նոր մոտեցմամբ, դա կնպաստի ոչ միայն դասավանդման արդյունավետության բարձրացմանը, այլ նաև՝ ուսուցչի ինքնապատրաստության մակարդակի բարձրացմանը:

 

 

Автор:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Оставьте комментарий